ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ 2007 թվականից, արդեն 5-րդ տարին, ավանդաբար հունիսի 21-ին անց է կացնում "Երաժշտության տոն" ակցիան:
Նախաձեռնությունը Ֆրանսիայի մշակույթի նախարարությանն է /1982 թ./, որը տարեցտարի առավել լայն տարածում գտնելով, այսօր արդեն բացօթյա կենդանի կատարումներով "Երաժշտության տոնի" գաղափարի շուրջ է համախմբում աշխարհի ավելի քան 110 երկրների պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ կատարողների: Եվ աշխարհի ավելի քան 350 քաղաքներում ամեն տարի հունիսի 21-ին նշում են "Երաժշտության տոնը":
Հայաստանը "Երաժշտության տոն" ակցիային միացել է 2007 թ. հունիսի 21-ին: Այդ օրը մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, բացօթյա սրճարանների հարակից տարածքները ողողվում են բազմաժանր երաժշտական կատարումներով` դասական, երգչախմբային, ժողովրդական, ջազային, ռոք, էլեկտրոնային: 2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ "Երաժշտության տոնը" նշվում է նաև ՀՀ մարզերում:
|