Լրահոս Ամփոփվեց ՄԻԱԿ-ի "Լեռնային Ղարաբաղ. ճշմարտություն եւ փաստեր" ծրագիրը | 20.05.2011 Ամփոփվեցին "Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր" ծրագրի արդյունքները և ստացված արձագանքները: Շուրջ 100 երկրներ ուղարկված 4 միլիոնից ավել նամակների պատասխաններին հիմնվելով` Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը փաստեց ծրագրի հաջողությունը: Հարկ է նշել, որ ՄԻԱԿ-ի կողմից մշակված այս փաստաթուղթը հավանության է արժանացել նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից, և նրա հասցեական տարածումը աշխարհի ազդեցիկ գործիչներին իր ներդրումն ունեցավ տեղեկատվական համակարվածի գործում` ի հակակշիռ հարևան պետության կողմից համացացնցում համառորեն տարածվող տեղեկատվական հերյուրանքին: Ավելին, այս նախաձեռնությունը ապացուցեց նաև, որ մինչ օրս աննախադեպ այսօրինակ միջոցառումներում ևս հայ երիտասարդները կարող են լինել արժանի հակակշիռ` համացանցային տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործում: Արձագանքները տարրաբնույթ են, գերակշռում են շնորհակալական նամակները` փաստաթուղթը ներկայացնելու համար, որոշակի ճշտումներ` պատմական ձաստերի վերաբերյալ, կան նաև հարևան պետության ոչ ադեկվատ արձագանքներ` սպառնալիքներ, վիրավորանք, կայքի և հասցեների համացանցային գրոհներ: Մայիսի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց ՄԻԱԿ-ի շուրջ 2000 ակտիվիստների հետ: ՀՀ Նախագահին ներկայացվեց "Լեռնային Ղարաբաղ. Ճշմարտություն և փաստեր" ծրագիրը: Նախագահը ծանոթացավ ՄԻԱԿ-ի կողմից հավաքված տվյալների բազային` հասցեատերերին, ում ուղարկվել էր թվով չորս միլիոն նամակ, զրուցեց ակտիվիստների հետ, քաջալերեց նրանց` բարձր գնահատելով նրանց կողմից կատարված աշխատանքը. "Կուսակցության համար 4 տարին մեծ ժամանակահատված չէ, և ձեր կուսակցությունը դեռևս պետք է անցնի տևական ճանապարհ՝ կայանալու, ավանդույթներ ձևավորելու առումով: Իհարկե, շատ ողջունելի է, որ կուսակցությունում միայն երիտասարդներ են ընդգրկված, և այս չորս տարիների ընթացքում ինչ-որ չափով դուք ընկալելի եք դարձել մեր հասարակության համար: Ողջունում եմ բոլոր այն երիտասարդներին, ովքեր հաճույքով մասնակցում են հասարակական-քաղաքական գործընթացներին և այդ ընթացքում փորձում իրենց ավանդը բերել մեր երկրի զարգացման գործին: Ես այս կարճ ժամանակահատվածում ծանոթացա նաև ձեր նախաձեռնությանը, այն աշխատանքին, որ դուք այս ընթացքում կատարել եք՝ փորձելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին ճշմարիտ տեղեկատվություն հաղորդել աշխարհին: Իհարկե, շատ գովելի նախաձեռնություն է և շնորհակալ աշխատանք երկու առումով. նախ՝ դա մեր ամենացավոտ հարցերից մեկն է, մեր առջև ծառացած ամենամեծ խնդիրներից մեկը: Եվ չնայած, մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, չնայած, որ այս խնդիրն արդեն քսան տարուց ավելի է գոյություն ունի, ցավոք, աշխարհում դեռևս կան շատ մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ, ովքեր ծանոթ չեն հիմնախնդրին, ովքեր ճշմարիտ տեղեկատվություն չունեն, հատկապես, որ մեր հակառակորդները որևէ միջոցից չեն խորշում` ապատեղեկատվություն հաղորդելու միջազգային հանրությանը: Եվ երկրորդ՝ սա ձեր նախաձեռնությունն է, ձեր ինքնուրույն որոշումը: Միշտ էլ պետք է ողջունել այսպիսի ինքնուրույն քայլերն ու ցանկությունը, մասնակից լինելու մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը: Մեր հասարակության բոլոր ոլորտներում տեղի է ունենում սերնդափոխություն, գալիս են լավ կրթություն ստացած, բանիմաց, ժամանակակից աշխարհի հետ շփվել կարողացող, հավակնոտ և աշխատասեր մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց աշխատանքով, իրենց եռանդով լինել հաջողակ՝ թե անձնապես, թե որպես մեր երկրի քաղաքացի: Իհարկե, սա շատ ողջունելի է: Միայն սրանով Հայաստանը կարող է լինել մրցունակ, և միայն այսպես մենք կարող ենք հասնել մեծ հաջողությունների: Ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, մաղթում` հաջողություն և, իհարկե, շատ շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար»,-ասաց Նախագահը: ՄԻԱԿ-ի անդամները նրան նվիրեցին իրենց կողմից պատրաստված և տարբեր լեզուներով թարգմանված փաստաթղթի օրինակները: Այնուհետև Նախագահը շնորհավորեց ՄԻԱԿ-ին` չորսամյակի կապակցությամբ, մասնակցեց այս տարելիցին նվիրված տոնախմբությանը: |
| |||