Լրահոս ՄԻԱԿ-ի տարեկան ամփոփիչ հավաք | 19.12.2009
Դեկտեմբերի 19-ին "Մետրոպոլ" հյուրանոցի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՄԻԱԿ-ի տարեկան ամփոփիչ հանդիպումը: Հավաքին ներկա էին ՄԻԱԿ-ի ղեկավար մարմիններից և տարածքային ստորաբաժանումներից մոտ 100 պատվիրակներ գրեթե բոլոր մարզերից և քաղաքներից, որտեղ կան ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներ:
Հավաքի նպատակը տարվա ամփոփումն էր, ապագա քայլերի սահմանումը և առաջիկա ծրագրերի քննարկումը: Բացման խոսքով հանդես եկավ Գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը: Նա ներկայացրեց ՄԻԱԿ-ի գաղափարա-քաղաքական առանձնահատկությունները, գործելաոճի առանցքային սկզբունքները և անցած մեկ տարվա ձեռքբերումները: ՄԻԱԿ-ի անցյալի, ներկայի և ապագայի մասին խոսեց ՄԻԱԿ-ի քարտուղար Լևոն Մարտիրոսյանը, ում ծրագրային ելույթում առաջ քաշվեցին բազմաթիվ հարցեր և պատասխաններ: Հանդիսանալով հիմնական զեկուցող, նա հանգամանորեն վերլուծեց բոլորին հուզող ներկուսակցական կարևորագույն խնդիրները և դրանց լուծման տարբերակները: Կուսակցության քարտուղար Գերասիմ Բարսեղյանը խոսեց գաղափարա-քարոզչական առաջնահերթությունների մասին, խոսվեց նաև հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև աշխարհա-քաղաքական զարգացումների մասին: Միջազգային համագործակցության և հանրային կապերի մասին խոսեց ՄԻԱԿ-ի քարտուղար Նաիրա Կարապետյանը, ով մանրամասնորեն ներկայացրեց կուսակցության կողմից տարվող աշխատանքները այլ կուսակցությունների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում: Նա խոսեց նաև կուսակցության հանրային կապերի կայացման և զարգացման առաջիկա ծրագրերի մասին: Այնուհետև ՄԻԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ելույթներում արծարծվեցին մի շարք խնդիրներ, ծավալվեց բուռն արդյունավետ քննարկում, որի շնորհիվ սահմանվեցին առաջիկա տարվա ծրագրերը: Հավաքը ամփոփեց ՄԻԱԿ-ի քարտուղար Վահան Բաբայանը, ով շնորհավորեց բոլորին գալիք 2010 թվականի կապակցությամբ և մաղթեց բարի ընթացք կայանալիք բոլոր գործընթացներում: Նայել այս բաժնի պատկերասրահը |
| |||