Դեկտեմբերի 1-ին, Գյումրիում տեղի ունեցած ՄԻԱԿ-ի նորընտիր խորհրդի առաջին նիստի օրակարգում ներառված էր նաև նախագահական ընտրություններում ՄԻԱԿ-ի քաղաքական դիրքորոշման ճշգրտման հարցը: Նիստին մասնակցում էին խորհրդի 19 անդամներից 18-ը:
Խորհրդի անդամները կարևորեցին առաջիկա համապետական ընտրությունների` ժողովրդավարության ոգուն համապատասխան, ազատ և թափանցիկ անցկացման անհրաժեշտությունը, շեշտեցին դրանց բացառիկ նշանակությունը Հայաստանի քաղաքական համակարգի հետագա զարգացման, երկրում բարեփոխումների հետագա խորացման, պետության առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների դիմագրավման գործում: Խորհրդի անդամները կարծիքներ փոխանակեցին ներքաղաքական ընդհանուր իրավիճակի և նախագահական ընտրություններում ՄԻԱԿ-ի դիրքորոշման հարցի շուրջ:
Քննարկումներից հետո ՄԻԱԿ-ի խորհուրդը միաձայն որոշեց չառաջադրել սեփական թեկնածու և առաջիկա նախագահական ընտրություններում աջակցել ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Խորհուրդը ձևակերպեց այն 10 հիմնական պատճառները, ինչի համար ՄԻԱԿ-ը սատարում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Միաժամանակ, որպես մեր կյանքում իրական փոփոխությունների ձգտող, որպես ապագայի քաղաքական ուժ, ՄԻԱԿ-ի խորհուրդը ձևակերպեց այն 10 հիմնական փոփոխությունները, որ ՄԻԱԿ-ն ակնկալում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Խորհրդի նիստից հետո ՄԻԱԿ-ի նորընտիր Գլխավոր քարտուղար Սամվել Ֆարմանյանը, քարտուղար Լևոն Մարտիրոսյանը և ՄԻԱԿ-ի Խորհրդի խոսնակ Կարեն Մաթևոսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:
10 ՊԱՏՃԱՌ, ԻՆՉՈՒ ՄԻԱԿ-Ը ՍԱՏԱՐԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
-
Առաջ է քաշել երկրում II սերնդի բարեփոխումների իրականացման լուրջ ծրագիր:
-
Փարձառու է և մեծ ներդրում ունի անկախ պետականության կերտման գործում:
-
Արցախյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ տեսակետները կանխատեսելի են:
-
Քաղաքական կայունության, համերաշխության և ազային միասնության կողմնակից է:
-
Բազմակողմանիորեն տեղեկացված է և տիրապետում է երկրում առկա բոլոր խնդիրներին:
-
Հավասարապես ընկալելի և ընդունելի է աշխարհի բոլոր քաղաքական կենտրոնների կողմից:
-
Վարչապետության կարճ շրջանում կրկնակի աճել է երկրի պետական բյուջեն, 60%-ով բարձրացվել են կենսաթոշակները:
-
Ուժեղ անհատ է և ուժեղ առաջնորդ:
-
Արդյունավետ կառավարիչ է և լավ կազմակերպիչ:
-
Վայելում է հասարակության մեծամասնության վստահությունը:
10 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՄԻԱԿ-Ն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ
-
Երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացում և լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներ:
-
ԵՄ-ին անդամակցության չափանիշների բավարարումը որպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթության հռչակում:
-
Պետության դերի նվազեցում, տնտեսական ազատ մրցակցության և հավասար հնարավորությունների ապահովում, մենաշնորհների վերացում:
-
Իրավապահ մարմինների հրաժարում պետության սպասարկումից, ի օգուտ հասարակության և անհատի սպասարկման:
-
Հավասարություն օրենքի առջև և բոլոր իրավախախտների համար պատժի անխուսափելիություն:
-
Կադրային համարձակ փոփոխություններ, միջին և բարձրագույն օղակներում երիտասարդ կադրերի ներգրավում:
-
Կոշտ պայքար կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ:
-
Արցախյան հակամարտության խաղաղ և արժանապատիվ կարգավորում, առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում:
-
Գործազրկության կրճատման, Երիտասարդ-նորաստեղծ ընտանիքներին բնակարանային աջակցության և Ներգաղթի խթանման Ազգային ծրագրերի իրականացում:
-
Հարկային համակարգի ֆիսկալ դերի փոփոխություն գործընկերոջ և ծառայություն մատուցողի դերով: