Հարցազրույց ՄԻԱԿ-ի անդամ Աննա Բուդաղյանի հետ | 11.03.2010
ՄԻԱԿ-ի հարգելի անդամներ, ներկայացնում ենք Ձեզ ՄԻԱԿ-ի անդամ Աննա Բուդաղյանի հետ հարցազրույցը:
-Որքա՞ն ժամանակ է անդամակցում եք ՄԻԱԿ-ին:
-ՄԻԱԿ-ի գործունեությանը ծանոթ եմ 2008թ.-ից և եղել եմ ՄԻԱԿ-ի համակիրների շարքերում, իսկ որպես ՄԻԱԿ կուսակցության անդամ պաշտոնապես գրանցվել եմ վերջերս:
-Ի՞նչ առանձնահատկություն եք տեսնում ՄԻԱԿ-ում:
-Այն առանձնահատկությունը, որ բավականին կարճ ժամանակահատվածում կուսակցությունը ձևավորվեց և կուսակցության անդամների ակտիվության շնորհիվ հասարակության մեջ իր ուրույն տեղը գտավ,ինչը բնորոշ չէ մյուս կուսակցություններին:
Բացի այդ, ՄԻԱԿ-ն այն կուսակցություններից չէ, որ միայն ընտրությունից ընտրություն իր գոյության մասին հասարակությանը հիշեցնի:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր դերը ՄԻԱԿ-ում:
-Մինչ այժմ ՄԻԱԿ-ում դիտորդի և ուղղակի մասնակից անդամի դեր եմ կատարել, սակայն ունեմ որոշակի ծրագրերի նախագծեր, որոնք բավականին հետաքրքիր են և ժամանակի պահանջներին համապատասխան: Կարծում եմ, որ իմ նախագծերը կուսակցության անդամների և ղեկավարության հավանությանը կարժանանան և հուսով եմ, որ մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ հետագայում կիրականացվեն:
-Եթե լինեիք ՀՀ Նախագահ, Ձեր առաջին քայլը որը կլիներ:
-Երբեք չէի ցանկանա ՀՀ Նախագահ լինել, իսկ եթե… ապա նախ` կաշխատեմ կայուն վիճակում պահել երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, այնուհետև` պայմաններ, երաշխիքներ ստեղծել, որ սփյուռքահայերը առանց խոչընդոտների ավելի շատ ներդրումներ անեն Հայաստանում:
-Ի՞նչ կցանկանայիք փոխել Հայաստանում:
-Կարծում եմ, որ Հայաստանում կտրուկ փոփոխություններ իրականացնելը բավականին բարդ խնդիր է, քանի որ մեր հասարակությունը պատրաստ չէ դրան, վախենում է փոփոխություններից և նորամուծություններից: Սակայն առանց փոփոխությունների, այսինքն` բարեփոխումների, անհնար է առաջ ընթանալ: Գտնում եմ, որ յուրաքանչյուր փոփոխություն, բարեփոխում պետք է դանդաղ, քայլ-առ-քայլ իրականացնել:
-Պատասխանեք, խնդրեմ, հարցազրույցի նախորդ մասնակցի հարցին,
Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր մասնագիտական գործունեությունը ՄԻԱԿ-ում:
-Մասնագիտությամբ ապագա միջազգայնագետ-դիվանագետ եմ և ըստ դրա իմ ուղղվածությունը արտաքին քաղաքականությունն է: Տվյալ բնագավառում ցանկացած հարցում կարող եմ աջակցել ՄԻԱԿ-ին, սակայն չեմ էլ կարող հեռու մնալ ներքին քաղաքականությունից, քանի որ ներքին և արտաքին քաղաքականությունները իրար հետ փոխկապակցված են:
-Եվ վերջում մեր ավանդական հարցը` ի՞նչ հարց կտայիք հարցազրույցի հաջորդ մասնակցին: -Ձեր կարծիքով, ի՞նչ ընթացք կստանա հայ-թուրքական սահմանի բացման հարցը: