Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Թող գալիք 2010 թվականը մեր ժողովրդի և երկրի համար լինի տևական խաղաղության, միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդման, տնտեսության զարգացման և ծաղկման տարի:
ՄԻԱԿ-ն իր պատրաստակամությունն ու վճռականությունն է հայտնում գալիք 2010 թվականին աշխատել էլ ավելի շատ, չխնայելով ջանք ու եռանդ, ներդնել իր ողջ ներուժը մեր պետության զարգացմանը և ծաղկմանը միտված բոլոր ծրագրերի իրականացման գործում:
Հետադարձ հայացք նետելով անցնող տարվան` պետք է փաստել, որ այն հայ ժողովրդի համար եղել է նվաճումների և ձեռքբերումների տարի: Իբրև մեծ ձեռքբերում պետք է նշել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ արձանագրոությունների ստորագրումը, երբ ողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Հայաստանի և Թուրքիայի վրա:
Աշխարհի գերտերությունները միաձայն ողջունեցին Հայաստանի նախագահի նախաձեռնողական քաղաքականության արդյունքում սկսված այս գործընթացը, և վերջապես կոտրվեց թշնամանքի սառույցը մեր երկու պետությունների միջև:
Մեծ էին նվաճումները նաև սպորտի ոլորտում. ևս մեկ անգամ հնչեց Հայաստանի հիմնը, Հարավային Կորեայից ուղիղ հեռարձակմամբ ամբողջ աշխարհը շնորհավորեց մեզ` այս անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսակիրը հայուհի էր` ծանրամարտում հաղթեց Նազելի Ավդալյանը:
ՄԻԱԿ-ը համոզված է, որ գալիք տարին Հայաստանի համար լինելու է բուռն զարգացման տարի: