Մոտ մեկ ամիս է, ինչ ՄԻԱԿ-ի գրասենյակում անց են կացվում ՄԻԱԿ-ի անդամների
առաջնորդական և քաղաքական հմտությունների զարգացմանը միտված
սեմինար-դասընթացներ: Դառնալով քաղաքացիական հասարակության անդամ` այսպես
թե այնպես երիտասարդները առնչվում են հասարակական, քաղաքական, տեղական
ինքնակառավարման, պետական կառավարման և այլ կառույցների հետ, և տարբեր
իրավիճակներում դրական արդյունքի հասնելու, սեփական կարծիքը և մտքերը
հասանելի դարձնելու և մատուցելու համար անհրաժեշտ է լինում ըստ
առժանվույնս ներկայանալ:
|
Իսկ դա նշանակում է ճիշտ գնահատել իրավիճակը և գրագետ ու գոյություն
ունեցող մշակված չափանիշների համաձայն կառուցել խոսքը, կայացնել վճռական
որոշում, ճիշտ աշխատել թիմում, տիրապետել հաղորդակցման կանոններին,
շահեկան դիրք գրավել բանավեճում, ընդունել և թելադրել կոնսենսուսի
պայմաններ և այլն: Այս ամենն առավել արդիական է դառնում քաղաքական
կուսակցության անդամների համար:
|
Դասընթացների նպատակն է խրախուսել ՄԻԱԿ-ի անդամների առավել ակտիվ և
նպատակաուղղված մասնակցությունը քաղաքացիական/քաղաքական գործընթացներին,
բարձրացնել նրանց ինքնագիտակցությունը քաղաքացիական հասարակության անդամ
լինելու և երկրի ու պետության կյանքում անմիջական մասնակցություն
ցուցաբերելու անհրաժեշտության հարցում, ինչպես նաև աջակցել նրանց ձեռք
բերել առաջնորդության համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
|