|
Մայիսի 1-ից 3-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Եվրոպական մի շարք երկրների երիտասարդ քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հավաք, որն անց էր կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հավաքը նպատակ ուներ նպաստելու երիտասարդ քաղաքական գործիչների միջև ոչ ֆորմալ քննարկումների անցկացմանը` միջազգային հարաբերությունների, քաղաքականության, տնտեսության և այլ հարցերի շուրջ: Առաջին օրը հավաքի մասնակիցների միջև ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ` երիտասարդների քաղաքական կյանքում ներգրավվածության վերաբերյալ:
|
|
Մտահոգիչ թեմաներից էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը և նրա հաղթահարման հնարավոր ուղիները: Ռուսաստանյան "Նաշի" երիտասարդական շարժման ղեկավար Նիկիտա Բորովիկովի համոզմամբ, պետության կողմից գրագետ կառուցված տնտեսական խրախուսական քաղաքականության արդյունքում կարելի է մեղմել այս ճգնաժամի ազդեցությունը: Բելառուսի հանրապետական երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յուրի Կրիվոդուբսկին հույս հայտնեց, որ երիտասարդների գործնական առաջարկները կստանան իրենց տրամաբանական ընթացքը և կնպաստեն հաղթահարմանը:
|
|
Բելգիական "Հայաստանի եվրոպական ընկերներ" կազմակերպության ղեկավար Մայքլ Քեմբեքը հետաքրքրված էր Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների ակտիվությամբ և առաջարկում էր եվրոպական երկրների դրական փորձը որպես նախադեպ կիրառել Հայաստանի Հանրապետությունում: "Եդինայա Ռոսսիյա" կուսակցության "Մոլոդայա Գվարդիյա" երիտասարդական կազմակերպության դաշնային համակարգող Ալեքսեյ Շապոշնիկովը առաջարկեց գտնել հետագա համագործակցության ուղիներ:
|
|
Հավաքի հաջորդ օրը, ըստ նախատեսված գրաֆիկի, հյուրերը հանդիպեցին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, անկաշկանդ մթնոլորտում ծավալված հարց ու պատասխանների ընթացքում ստացան իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխաններ: Ղազախստանի Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության կենտրոնի ղեկավար Մագժան Իլյասովին հետաքրքրում էր Հայաստանի և Ղազախստանի միջև հնարավոր համագործակցության շրջանակները, հարցեր հնչեցին երիտասարդների որոշումների կայացման գործընթացի մասնակցության և այլնի վերաբերյալ:
|
|
Հավաքի մասնակիցներին այցելեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով պատմեց իր երիտասարդ տարիների գործունեության մասին` անդրադառնալով բոլորին այդքան հուզող Արցախյան հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերույթունների բարելավմանը: Նա ներկայացրեց նաև երիտասարների հետ իր աշխատանքի առանձնահատկությունները` մատնանշելով, որ իր աշխատակազմում մեծ թիվ են կազմում երիտասարդ քաղաքական գործիչները: Հանդիպումից հետո կազմակերպվեց ընթրիք` ՀՀ Նախագահի անունից, հյուրերին ներկայացվեց հայկական մշակոյթի բաղկացուցիչ մասը` հայկական երգն ու պարը:
|
|
Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչներին ընդունեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Նրան ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին աշխարհասփյուռ հայ ժողովրդի հավատքին և Հայ եկեղեցու հարաբերություններին համաշխարհային կրոնների և դավանանքների ներկայացուցիչների հետ: Վեհափառ հայրապետը օրհնեց հավաքի մասնակիցներին և մաղթեց հաջողություններ` հանուն համերաշխության և բարօրության:
|
|
Երիտասարդ քաղաքական գործիչներն այցելեցին մի շարք տեսարժան վայրեր, որոնց թվում էր նաև "Արարատ" կոնյակի գործարան կատարած անմոռանալի էքսկուրսիան և ամենաջերմ տպավորություններ ստացան մեր երկրի պատմությունից և հյուրասեր ժողովրդից:
Երեք օրյա հավաքի ընթացքում մասնակիցների միջև ձևավորվեց ընկերական մթնոլորտ, ինչն անշուշտ նպաստելու է հետագա համագործակցությանը:
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Փոխել էջը. :