Հունիսի 29-ի ՄԻԱԿ-ի Ուրբաթ-Երեկոն անցավ հաճելի ընկերական, սակայն նաեւ գործնական մթնոլորտում: Հրավիրված էին մի քանի հյուրեր եւ լրագրողներ: ՄԻԱԿ-ի Գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը նույնիսկ հասցրեց հարցազրույց տալ բրիտանահայ լրագրող Օնիկ Կրիկորյանին: Նույն "բախտին" արժանացավ ավելի ուշ ՄԻԱԿ-ի գրասենյակ ժամանած մեր լավ բարեկամ Սամվել Ֆարմանյանը, որի հետ Օնիկը զրուցեց իր եւ իր ընկերների "Օրինաց Երկրից" դուրս գալու շարժառիթների մասին: Բավականին հետաքրքիր զրուցակից էր ինչպես միշտ Մելինե Թովմասյանը, որը բացի լավ ժամանակ անցկացնելուց եւ իր կուսակիցներին հանդիպելուց ուրբաթ օրն ուներ նաեւ շահախնդիր նպատակ. Մելինեն եւ իր ամուսինը Դիլիջանում ներդրում անելով բացել են փոքր հյուրանոց, որի գովազդով Մելինեն զբաղվում էր անդադար: Հյուրանոցի եւ հանգստանալու գաղափարը ամենահոգեհարազատն էր ՄԻԱԿ-ի Խորհրդի անդամ Սամսոն Հակոբյանին, որը որպես ՄԻԱԿ-ի շտաբի պետ լայնածավալ աշխատանք կատարելով ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում իրոք լավ հանգստանալու կարիք ունի:
|
Բայց Սամսոնի հանգիստը ուրբաթ օրը չէր, որ վրա էր հասնելու. ինչպես լավ երեւում է նկարներից Սամսոնը անխոնջ նվիրումով աշխատում էր նաեւ այս երեկույթի ընթացքում զանազան հարցեր քննարկելով եւ լուծելով ՄԻԱԿ-ի տարբեր անդամների հետ: ՄԻԱԿ-ի անդամներն իրենց ուրբաթ-երեկոն շարունակեցին Երեւանի Կակտուս ռեստորանում (դա հաճախ է տեղի ունենում), որտեղ բուռն քննարկում ծավալվեց Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու շուրջ: Եզրակացությունը ընդհանուր էր` ՀՀ-ում պետք է անցկացնել երկրորդ սերնդի բարեփոխումները: Այդ հարցի լուծումն իր հետ կբերի բազմաթիվ դրական տեղաշարժեր թե’ ներքին, թե’ արտաքին քաղաքականության մեջ:
|