|
Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կողմից Հարավային Կովկասի Քաղաքական երկխոսության ծրագրի շրջանակներում օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը կազմակերպվել էր երիտասարդական հավաք: Այն նախատեսված էր հարավկովկասյան երկրների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդ քաղաքական գործիչների և լրագրողների համար, ծրագիրն իր մեջ պարունակում էր 3 հիմնական մաս` դասընթացներ, հանդիպումներ և ընտրություններ: Հավաքը տեղի ունեցավ Գերմանիայի Դյուսելդորֆ, Բոնն և Քյոլն քաղաքներում:
|
|
Հայաստանը ներկայացնում էին ՄԻԱԿ-ի արտաքին կապերի քարտուղար Նաիրա Կարապետյանը, ՀՀԿ երիտասարդական թևի նախագահի տեղակալ Մարթա Սիմոնյանը, ՕԵԿ երիտասարդական թևի նախագահ Արթուր Միսակյանը, Մշակույթի նախարարի մամուլի խոսնակ, անկախ լրագրող Անուշ Մկրտչյանը և "Ազատություն" ռադիոկայանի լրագրող Էմիլ Դանիելյանը:
|
|
Դասընթացները անց էին կացվում "Deutsche Welle" Ակադեմիայի ծրագրերի ղեկավարներ Ուդո Պրենզելի և Էբերհարդ Ցուկերի կողմից` Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ուսումնական կենտրոնում: Ուսումնական մասը բաժանված էր ըստ թիրախային խմբերի` քաղաքական գործիչներին մատուցվում էր լրատվամիոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու հմտություններ, լրագրողները սովորում էին հարցազրույցի և մամուլի ասուլիսների անցկացում: Նյութի ներկայացումից հետո կատարվում էին իրական հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ, որոնց վերջում վերլուծվում էին մասնագետների կողմից: Ի հպարտություն ՄԻԱԿ-ի, լավագույն արձագանքները մերն էին:
|
|
Հանդիպումները նույնպես շատ հետաքրքիր էին և արդյունավետ: Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի Քաղաքական հաղորդակցություննրի դեպարտամենտի ղեկավար Ռալֆ Գելդենցորֆը ներկայացրեց արդյունավետ հաղորդակցման գրավականի անհրաժեշտ քայլերը:
Տարածաշրջանային պարլամենտի պատգամավոր Լիզա Վինկելմիյեր-Բեքքերի պատմեց երիտասարդ կնոջ քաղաքական կարիերայի հնարավորությունները Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական Միությունում, պատգամավորի աշխատանքի առավելությունները և դժվարությունները:
|
|
Գերմանիայի Տնտեսական զարգացման նախարար Մարիո Ուրբանի և նախարարության Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Ֆրեդերիկ Գոլի հետ հանդիպման ընթացքում երիտասարդները բազում հարցեր տվեցին իրենց երկրների հետ համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքրվեցին նախարարության երիտասարդ աշխատակիցների հաջողություններով:
|
|
TNS Մեդիա և Սոցիալական հետազոտությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Քլաուս-Պիթեր Շոփփները ներկայացնում էր սոցիալական հետազոտությունների ճիշտ գործածումը քաղաքական կյանքում, քաղաքական պատվերների և իմիջային PR-ի արտացոլումը ԶԼՄ-ներում:
Հարավկովկասյան տարածաշրջանի երիտասարդ քաղաքական գործիչներին ամենաշատը հետաքրքրեց պարլամենտում տեղի ունեցած հանդիպումը Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության խմբակցության մամուլի քարտուղար Աքիմ Հերմեսի հետ: Հնչեցին հարցեր կուսակցության աշխատանքի, արտաքին կապերի և ԶԼՄ-ների հետ հաղորդակցության մասին:
|
|
Հետաքրքիր էր նաև Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի արխիվի մասնագետի Անգելա Քելլերի կողմից ներկայացված Քրիստոնեա-Դեմոկրատական Միության պաստառների էվոլուցիոն պատմությունը: Ներկայացվեց նաև արխիվում առկա նյութերի պահպանման կարգը, ցուցադրվեցին նմուշներ:
"Deutsche Welle" հեռուստաընկերությունում հարավկովկասյան հեռարձակման պատասխանատու Ին•ո Մաննթուֆելը հյուս հայտնեց, որ մոտ ապագայում մեր երկրներում կնորմավորվի "Deutsche Welle"-ի թե հեռուստատեսային և թե ռադիոեթերը:
|
|
Ծրագրի մասնակիցները այցելեցին նաև Կոնրադ Ադենաուերի տուն Սանկտ Ավգուստին քաղաքում, տեսան նրան պատկանող իրերը, նվերները: Տպավորիչ էր Ուինսթոն Չերչիլի կողմից նկարված գեղանկարը:
|
|
Օգոստոսի 30-ին Գերմանիայի Նորդ Ռեյն Վեստֆալիայի նահանգի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքապետերի և տարածաշրջանային պարլամենտի ընտրություններ էին: Հավաքի մասնակիցները հնարավորություն ունեցան մի քանի քաղաքներում` Բոնն, Քյոլն, Ռյոնդորֆ և այլն, հետևելու նախընտրական պայքարին, ինչպես նաև Բոննում ընտրությունների օրը այցելեցին ընտրական տեղամասեր, հետևեցին ընտրությունների ընթացքին, իսկ քվեարկության ավարտից հետո դիտեցին ձայների հաշվարկն ու ներկայացումը քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում հրատապ հաղորդագրությունների համար հատուկ կահավորված սրահում:
|
|
ՄԻԱԿ-ի համագործակցությունը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հետ շարունակական է լինելու: |
|
|
|
|