Հայկական դրոշը Հայաստանի հանրապետության պետական խորհրդանիշն է: Դրոշը երեք հավասար հորիզոնական զոլերով ուղղանկյուն պաստառ է, վերևում` կարմիր, մեջտեղում` կապույտ, ներքևում` նարնջագույն: Այս գույները դարեր շարունակ նույնացվել են հայ ազգի հետ:
Հայաստանի դրոշն ընդունվել է 1990թ օգոստոսի 24-ին` Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Իսկ 2006թ հունիսի 15-ին Հայաստանի հանրապետության Ազգային ժողովն ընդունել է նոր՝ "Հայաստանի հանրապետության պետական դրոշի մասին" օրենքը:
Գոյություն ունեն այս գույների մի շարք մեկնաբանություններ, որոնցից առավել ընդունելի է հետևյալը. կարմիր գույնը խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար հայերի հեղած արյունը, կապույտը երկրի բնությունն է, նարնջագույնը` ազգային խիզախությունն ու աշխատասիրությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի հանրապետության Սահմանադրությանը, ապա այստեղ հաստատված է գույների հետևյալ նշանակությունը.կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի հարատև պայքարըգոյության, քրիստոնեական հավատքի, Հայաստանի ազատության և անկախության համար, կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու հայ ժողովրդի ձգտումը,նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը: Ի դեպ, հարկ է նշել, որ քանզի ՀՀ կառավարությունը չի հստակեցրել դրոշի կարմիր, կապույտ և նարնջագույն երանգները, օգտագործվում են միաժամանակ երկու տարբերակները:
Հայաստանի 1978թ Սահմանադրությունում դրոշը նկարագրվում է այսպես. "Հոդված 167. հայկական սովետական սոցիալիստական ռեսպուբլիկայի դրոշն իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյուն պաստառ՝ մեջտեղում կապույտ զոլով՝ դրոշի ողջ երկայնքով: Պաստառի վերին կարմիր մասում, կոթի մոտ, պատկերված են մուրճն ու մանգաղը, իսկ դրանց վերևում` ոսկեգույնով եզրագծված կարմիր հինգ գագաթանի աստղը: Դրոշի լայնության հարաբերակցությունը երկարությանը` 1:2":
1990թ օգոստոսի 24-ին Հայաստանի հանրապետության պետական դրոշի մասին օրենքով (№С-0076-1) հաստատվեց պետական դրոշը, որը նույն՝ 1919 թ դրոշն էր, պաստառ, որը բաղկացած էր երեք, միմյանց հավասար հորիզոնական շերտերից՝ կարմիր, կապույտ և նարնջագույն, երկարության հարաբերակցությունը լայնությանը` 2:1:
Իսկ եռագույնի կարմիրը, կապույտը և նարնջագույնը (Հայաստանի ազգային գույները) հաճախ նույնացվում են դաշնակների իշխանության ժամանակաշրջանի դրոշի գույների հետ: Այս կուսակցության ժամանակակից զինանշանն է՝ փետուրը, սուրը, բահը և դրոշը՝ խաչված: Այդ կոմպոզիցիան պատկերված է կուսակցության կարմիր դրոշին:
Ինչ վերաբերում է հայկական մյուս ավանդական կուսակցությանը՝ հնչակներին, ապա Խ. Բաբեսյանի "Հայաստանի պատմություն ատլաս"-ում նշվում է այն մասին, որ Հնչակյան կուսակցությունն օգտագործել է Ղևոնդ Ալիշանի ստեղծած հայկական ազգային դրոշի նախագիծը: Դրոշը կարմիր, կանաչ և սպիտակ զոլերով էր: