Վարդավառը (Այլակերպություն, Պայծառակերպություն) հայոց ամենասիրված և ամենաուրախ տոներից մեկն է: Այն նվիրված է Քրիստոսի այլակերպման նշանավոր իրադարձությանը, երբ նա Թաբոր լեռան վրա երևացել է իր աշակերտներին պայծառացած կերպարանքով: Ըստ որոշ մասնագետների` Վարդավառի տոնը կապված է Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ:
Վարդավառը հայոց հնագույն տոներից է: Այն տոնել են հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը և այլն: Ըստ ավանդության երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո իջնում է գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:
Վարդավառը տոնում էին ուխտագնացություններով դեպի նշանավոր լեռների սրբավայրերը և ջրերը: Տոնի ժամանակ մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում դաշտերից և տանում եկեղեցի` օրհնելու, որպեսզի դաշտերը պահպանեն կարկուտից և վնասներից: Աղջիկները հավաքում էին բազմագույն ծաղիկների փնջեր և գիշերը գաղտնի նետում հարազատների կամ հարևանների բակը: Ցորենի հասկից հյուսում էին շատ գեղեցիկ փնջեր` խաչբուռեր:
Վարդավառը շատ հանդիսավոր տոն է, երիտասարդները վառում էին խարույկներ և կրակի շուրջը դիմավորում լուսաբացը խմբապարով: Պարերն ուղեկցվում էին երգերով, խաղերով և կատակներով: Առավոտյան աղջիկները շրջում էին տնետուն և իրենց նվիրաբերած ծաղկեփնջերի դիմաց ստանում նվերներ:
Վարդավառի տոնի կարևոր ծեսը աղավնի թռցնելու սովորույթն էր: Հատուկ Վարդավառի տոնի համար ողջ տարին պահված աղավնիները ճախրում էին օդ` հիացնելով հանդիսականներին և հատկապես, իրենց վարժեցրած տերերին:
Վարդավառի տոնի ամենատարածված և հանդիսավոր սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Առավոտից ահել թե ջահել, կին թե տղամարդ, ծանոթ թե անծանոթ, դույլերով և տարբեր տարաներով« ջրում են միմյանց: Ոչ ոք չի նեղանում մյուսից: Այդ օրը մարդիկ ուրախ են, բարյացակամ, իսկ երեխաների և երիտասարդների համար այն տարվա ամենասպասված և սիրելի տոնն է:
Վարդավառը շատ գեղեցիկ մի տոն է, որի մասին մեկ անգամ լսելու փոխարեն ավելի ճիշտ կլինի պարզապես այցելել Հայաստան` մի երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել Քրիստոնեությունը, և որը համարվում է մարդկության ամենամեծ սրբավայրերից մեկը:
|