Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 4-ին:
Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:
Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:
Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը:
Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ(մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները:
|