Վարդավառն այն տոներից է, որոնք գալիս են ժամանակի խորքերից, իրենց մեջ ներառելով ժողովրդի հավատալիքները, սովորույթները և տվյալ ժողովրդի ազգային նկարագրի հատուկ գծերը:
Վարդավառը (Այլակերպություն, Փոխակերպություն) հայոց ամենասիրված, ամենաուրախ և հիշարժան տոներից մեկն է: Այն իր էությամբ բնապաշտական տոն է եւ գալիս է հազարամյակների խորքից:
Հեթանոսական Հայաստանում այն նվիրված էր սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աստղիկին, որը վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով` սեր էր սփռում ամենուր:
Քրիստոնեություն ընդունումից հետո եկեղեցին տոնը փոխարինում է Քրիստոսի Այլակերպության ու Պայծառակերպության տոնով: Վարդավառի տոնակատարությունը Հայաստանում ուղեկցվում է երգ ու պարով, խաղերով ու ջրցանությամբ:
Հայ մարդու համար վարդավառը սոսկ տոն չէ, այդ բառի դասական իմաստով, այն կացության ձև է, փիլիսոփայություն, ինչը հայ մարդուն կապում է իր անցյալի, ներկայի և ապագայի հետ, այն մարդուն տանում է դեպի իր արմատները, ստիպում զգալ ինքն իրեն պատմական հոլովույթի մեջ:
|