ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների
հանձնաժողովի 46 անդամների 23 "կողմ", 22 "դեմ" ձայներով ընդունվեց Հայոց
ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը։ Մեկ կոնգրեսական այդպես էլ
չներկայացավ քվեարկությանը։
Քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես եկան ամփոփիչ
ելույթներով։ Բանաձևի ընդդիմախոսներն իրենց դիրքորոշումը հիմնականում
բացատրում էին թուրք-ամերիկյան ռազմատնտեսական շահերով։ Բանաձևի
աջակիցներն ընդգծում էին բանաձևի ընդունման կարևորությունը հետագա
Ցեղասպանությունները կանխելու և պատմական արդարությունը վերականգնելու
նպատակով։
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ դեմոկրատ Դայան Վաթսոնը, որը հայտարարեց,
որ պահն է եկել, երբ ԱՄՆ-ը պետք է պարզ ճակատով ընդունի ճշմարտությունը։
Նա ասաց, որ միշտ էլ կողմ է եղել Ցեղասպանության բանաձևի ընդունմանը։
Հանրապետական Գուս Բիլիրակիսն ասաց, որ Ցեղասպանությունը չճանաչելը
վտանգավոր նախադեպ է ստեղծում այլ ցեղասպանությունների համար։ "Հանուն
Ցեղասպանությունների կանխարգելման և հանուն բոլոր Ցեղասպանությունների
զոհերի հիշատակի եկեք այսօր ընդունենք այս բանաձևը",- ասաց նա՝ նշելով, որ
Հայոց ցեղասպանությունը չպետք է անտեսվի հանուն դաշնակից Թուրքիայի
պաշտպանության։
Մանրամասն