Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը (կրճատ` ՄԻԱԿ, այսուհետ` ՄԻԱԿ) Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ ազգային, տնտեսության մեջ և հասարակական կյանքում ազատական իր ներքին կառուցվածքով` ժողովրդավարական քաղաքական ուժ է, որն իր ողջ կարողությունն ու ջանքերը կենտրոնացնում է կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի Հանրապետության, որպես ժողովրդավարական, առաջադեմ, զարգացած, մրցունակ պետության կայացման գործին:
Հայաստանը, անցումային ժամանակաշրջանում գտնվող բազմաթիվ այլ երկրների շարքում, կանգնած է կայուն զարգացման ապահովման լրջագույն խնդրի իրականացման առջև: Դրա լուծումը թույլ կտա առաջիկա 10-15 տարվա ընթացքում հասնել ոսկե միլիարդ որակվող երկրների մակարդակին` բնակչության բարեկեցության, տեխնոլոգիական զարգացման, շրջակա միջավայրի պահպանման և այլ բնագավառներում: Հայաստանն այդ մակարդակին հասցնելը նշված կարճ ժամանակահատվածում Մեր Նպատակն է:
Այս նպատակին հասնելու խնդիրը դժվարագույններից է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում կուտակված են անցումային ժամանակաշրջանին բնորոշ այնպիսի լրացուցիչ խնդիրներ, որոնց առկայությունը կարող է ոչ միայն զրկել մեզ վերոնշյալ հեռանկարից, այլև կարող է հետ գցել Հայաստանը` ընդմիշտ թողնելով այն թույլ զարգացած երկրների շարքում:
Սակայն մենք վստահ ենք, որ ցանկության և վճռականության դեպքում այս խնդիրը կարելի է լուծել կարճ ժամանակահատվածում, և նման պատվախնդիր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել մեր հասարակության և պետության ջանքերը այնպիսի որոշակի ենթահարցերի արագ լուծման ուղղությամբ, որոնք երկրում կապահովեն արագընթաց զարգացման պայմաններ:
Այդ առումով առաջնային անհրաժեշտություն է մտածված և որդեգրված ռազմավարության վրա հիմնված լայնածավալ կառուցվածքային (ինստիտուցիոնալ) բարեփոխումների իրականացումը տնտեսության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ինչը թույլ կտա մոտակա 5-7 տարվա ընթացքում ապահովել ինստիտուտների արդյունավետության անհրաժեշտ այնպիսի մակարդակ, որպեսզի դրանք ի վիճակի լինեն իրականացնել պահանջվող ցանկացած տնտեսական քաղաքականություն: Մեր կարծիքով հենց այս խնդիրն է հանգուցային վերոհիշյալ նպատակին հասնելու համար:
Ներկայիս Հայաստանում պետությունը հանդիսանում է երկրի ինստիտուցիոնալ համակարգի առավել թույլ օղակներից մեկը իր պաշտոնական գործառույթների կատարման տեսակետից, այն է` "խաղի կանոնների" սահմանման մեխանիզմի և դրա իրականացումը ապահովելու իմաստով, սակայն մյուս կողմից պետությունն է հանդիսանում ոչ պաշտոնական կանոնների աջակցման առավել լուրջ աղբյուրը: Դրանից ելնելով ՄԻԱԿ-ն առաջարկում է պետության դերի առավելագույն սահմանափակում և պետության գործառույթների կենտրոնացում քաղաքականության, հասարակական կյանքի և տնտեսության այն ոլորտներում միայն, որտեղ հնարավոր է հասնել թեկուզև նվազագույն արդյունավետության:
Վերոհիշյալ պայմաններում պետության դերի բարձրացման ցանկացած փորձ կհանգեցնի գործող ինստիտուտների էլ ավելի ձևախեղման և գոյություն ունեցող ճգնաժամի խորացման: Այս դիրքորոշումը հանգեցնում է հետևյալ դրույթի առաջարկման անհրաժեշտությանը. պետությունը հասարակության և տնտեսության մեջ պետք է ներգրավված լինի ճիշտ այնքան, որքան այն ի վիճակի է արդյունավետ գործել:
Այդ առումով անհրաժեշտ է որոշակի դարձնել, թե պետության ներկայիս որ գործառույթները պետք է իրականացվեն պետական մեխանիզմների միջոցով, և որոնք կարող են իրականացվել հատկապես ոչ-պետական մեխանիզմներով:
ա) միայն պետական մեխանիզմների միջոցով պետք է իրականացվեն.
երկրի պաշտպանությունը,
հասարակական կարգի պահպանումը,
ազգային անվտանգությունը,
արտաքին քաղաքականությունը,
սեփականության իրավունքի պաշտպանությունը,
պայմանագրերի կատարման ապահովումը,
հավասար հնարավորությունների (մրցակցության) իրավունքի պաշտպանությունը,
բնական մենաշնորհների կարգավորումը;
բ) հիմնականում ոչ-պետական մեխանիզմների միջոցով պետք է իրականացվեն.
սոցիալական հարցերը,
առողջապահությունը,
կրթությունը,
գիտությունը,
մշակույթը,
սպառողների իրավունքների պաշտպանությունը,
սեփականության կառավարումը,
ներդրումները:
Նշված գործառույթների յուրաքանչյուր դասի համար անհրաժեշտ է խորը բարեփոխումների իրականացում` դրանց կատարման հնարավոր առավելագույն արդյունավետության ապահովման նպատակով:
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻԱԿ-ը գտնում է« որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա նոր Սահմանադրություն, որը վստահության քվե կստանա ժողովրդի մեծամասնության կողմից: Նոր Սահմանադրությունը կհանդիսանա առաջարկվող ինստիտւցիոնալ բարեփոխումների իրավական ապահովման հիմնական բաղադրիչը:
ՀՀ Նոր Սահմանադրությունը պետք է մասնավորապես ապահովի.
մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված ժողովդրավարական հասարակարգի կայացումը, պետական կառավարման արդյունավետ համակարգի ստեղծումը« քաղաքացիական հասարակության զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները;
խորհրդարանական հանրապետության լիարժեք համակարգին անցումը. երկրի իշխանությունը ձևավորվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որի արդյուքում խորհրդարանական մանդատների մեծամասնությունը նվաճած ուժը (ուժերը) ձևավորում է (են) երկրի Կառավարությունը: Հանրապետության թիվ մեկ պաշտոնյան է Հանրապետության Վարչապետը, որը ղեկավարում է Կառավարությունը և պատասխանատվություն է կրում երկրի ներքին և արտաքին քաղաքականության համար;
Հանրապետության Նախագահը կատարում է պետության գլխի պարտականությունները, որոնք սահմանափակվում են արարողակարգային գործառույթներով;
անմիջական ժողովրդավարության ինստիտուտի ընդլայնումը, ազգային և տեղական նշանակության կարևորագույն խնդիրների վերաբերյալ հանրաքվեների անցկացման միջոցով;
անկախ, անաչառ և պրոֆեսիոնալ դատական իշխանության ստեղծումը, որն ի զորու է ապահովել ժողովրդավարությունն ու տնտեսության ազատությունը;
դատական իշխանության համակարգից դատախազության դուրսբերումը, իսկ դատախազությունից քննչական գործառույթի դուրսբերումը, առանձին քննչական-հետախուզական ծառայության ստեղծումով:
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Պետական կառավարման համակարգի շարունակվող քայքայումը կարող է բերել այնպիսի իրադրության, երբ պետությունը ի վիճակի չի լինի իրականացնել նույնիսկ այն գործառույթները, որոնք չեն կարող իրականացվել այլ մեխանիզմների միջոցով: Հետևաբար, լիակատար ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում պետական կառավարման բարեփոխմանը պետք է հատկացվի կարևորագույն դերերից մեկը: Այդ բարեփոխման արդյունքն է լինելու պետության կառավարման գործառույթների կտրուկ կրճատումը պետական կառավարման ապարատի միաժամանակյա կտրուկ կրճատումով, որը հնարավոր կդարձնի կառավարման ապարատում համապատասխան բարձր որոկավորում ունեցող պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը, կրճատված հաստիքների շնորհիվ աշխատավարձի զգալի բարձրացման և լրացուցիչ խրախուսանքների համակարգի ներդրման միջոցով:
Որոշումների ընդունման ընթացակարգի առավելագույն պարզեցումը, շահերի անհրաժեշտ հավասարակշռման ձևավորումը, կրկնօրինակումը բացառելու նպատակով գոյություն ունեցող գործառույթների վերանայումը` գործառույթների և պատասխանատվության հստակ տարանջատումով, կբարձրացնեն պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետությունը:
Պաշտոնյա - Պետ սկզբունքից` Պաշտոնյա - Ծառայություն Մատուցող սկզբունքին անցումը հանդիսանում է այս բարեփոխումների կարևորագույն տարրը:
Ռազմավարական որոշումներ ընդունելու ունակ և այդ որոշումները իրագործելու համար անձնական պատասխանատվություն կրող պետական ծառայողի ինստիտուտի առաջացումը հանդիսանում է անցկացվող բարեփոխումների արդյունավետության գնահատման չափորոշիչը:
Պետական կառավարման կարևորագույն գործառույթներից մեկը պետք է դառնա պետական միջոցների տեղաբաշխման գործառույթը` պետպատվեր, դրամաշնորհներ, պետգնումներ մրցակցային շուկայում, որը պետք է փոխարինի պետության կողմից այժմ իրականացվող գործառույթների զգալի մասին: Ելնելով դրանից` տվյալ գործընթացի կազմակերպման առավելագույնս հստակ, թափանցիկ մեխանիզմի ձևավորումը նույնպես բարեփոխումների կարևորագույն տարրերից է:
Մեր կարծիքով հարկավոր է արմատապես վերանայել բյուջետային քաղաքականությունը. բյուջեյի ծախսերը պետք է կախված լինեն ոչ թե գանձվող պետական եկամուտներից, այլ այն նպատակներից և արդյունքներից, որոնց պետությունը ձգտում է հասնել: Ելնելով դրանից` բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման տարբեր մեխանիզմների օգտագործումը (արտաքին և ներքին փոխառություններ) պետք է ուղղված լինի դրված խնդիրների իրականացմանը և ոչ թե դրված խնդիրները պետք է կախվածության մեջ լինեն ֆինանսավորման առկայությունից:
Բյուջեյի ձևավորման մնացորդային սկզբունքը` որքան կա, այնքան էլ բաժանենք, պետք է իր տեղը զիջի նախագծային մոտեցմանը, որի իմաստը հետևյալն է. այսօրվա դրությամբ պետք է կատարել այսպիսի ծրագրեր, որոնք կբերեն այսպիսի արդյունքի, որի համար անհրաժեշտ են այս քանակությամբ ռեսուրսներ: Ընդ որում, բոլոր դեպքերում անհրաժեշտ է գնահատել տվյալ ծրագրի իրականացման արդյունավետությունը պետական աղբյուրների հաշվին կամ շուկայական մեխանիզմների միջոցով իրականացվելու պարագայում, և միայն այն դեպքում, երբ տվյալ նախագիծը անհնար է ֆինանսավորել շուկայական մեխանիզմների հաշվին, թույլ տալ ներգրավել պետական մեխանիզմը: Այդ առումով, անհրաժեշտ է ամեն կոնկրետ ծրագրի իրականացման դեպքում որոշել, թե ինչպիսի կոնկրետ արդյունքներ են սպասվում (ով և ինչպես է գնահատում), երբ դրանք կարելի է ակնկալել և ով պետք է պատասխանատվություն կրի կոնկրետ ծրագրի իրականացման համար:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Երկրի պաշտպանության ապահովումը հանդիսանում է պետության բացառիկ մենաշնորհը և չի կարող իրականացվել այլ մեխանիզմների միջոցով: Ելնելով դրանից` պաշտպանության արդյունավետ և պրոֆեսիոնալ համակարգի ստեղծումը, որն ի վիճակի է լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները, հանդիսանում է զարգացման ժամանակակից փուլի կարևորագույն խնդիրը:
Հարկ է նշել, որ թեև հայկական զինված ուժերը համարվում են Հարավային Կովկասում ամենահզոր բանակը, ժամանակակից մարտունակ բանակի կայացման համար արմատական բարեփոխումների անցկացումից խուսափելը տարածաշրջանի երկրների բանակներում զգալի փոփոխությունների պայմաններում (Ադրբեջանում` ռազմական ծախսերի զգալի ավելացում, Վրաստանում` բանակի կառուցվածքային վերաձևում) կարող է բերել երկրի պաշտպանունակության կտրուկ վատթարացմանը:
Ժամանակակից հայկական բանակի խնդիրները, անշուշտ, անշեղորեն կապված լինելով մյուս ինստիտուտների գործունեության հետ, այնուամենայնիվ ունեն յուրօրինակ առանձնահատկություններ: Մասնավորապես, անցյալից ժառանգություն մնացած զինված ուժերի կառավարման խորհրդային համակարգի պահպանումը, բանակի վերածումը արտաքին վտանգի դեմ երկրի պաշտպանության ինստիտուտից նաև երկրի քաղաքական և տնտեսական կյանքում առաջատար դերակատարում ունեցող կառույցի, պետական միջոցների ծախսման փակ և անարդյունավետ համակարգը, հրամանատարների ինստիտուտի փլուզումը իրական վտանգ են ներկայացնում ինչպես երկրի մյուս բոլոր ինստիտուտների գործունեության, այնպես էլ երկրի պաշտպանունակության համար: Ընդ որում, վերջին դեպքում վտանգը անհամեմատ մեծ է, քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, մյուս ինստիտուտների ձևախեղման դեպքում, նրանք փոխարինվում են ոչ ֆորմալ տարբերակներով, իսկ պաշտպանության գործառույթը չի կարող փոխարինվել որևէ այլ ինստիտուտով:
Ելնելով վերը նշվածից, մեր կարծիքով, անհրաժեշտ է իրականացնել ռազմական բարեփոխում, հիմնված հետևյալ սկզբունքների վրա.
Երկրի պաշտպանության համակարգը պետք է կազմված լինի երկու միմյանց փոխլրացնող մասերից` պրոֆեսիոնալ, մոբիլ և ամենաժամանակակից զենքով զինված բանակ և պահուստային ծառայության համապարփակ համակարգ;
Համընդհանուր զորակոչից անհրաժեշտ է փուլային անցում կատարել դեպի պայմանագրային զինծառայության ինստիտուտը, սակայն ՀՀ արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պետք է անցնի կարճաժամկետ (երկամսյա) զինծառայություն` ստանալով ռազմական գիտելիքներ և ընդգրկվելով պահուստի ծառայության մեջ;
Պրոֆեսիոնալ բանակի ֆինանսավորումը պետք է իրականացվի ոչ թե մնացորդային սկզբունքով, այլ ելնելով անձնակազմի համալրման ապահովման, սպառազինությունների և մարտական պատրաստվածության անհրաժեշտությունից, վերը նշված պետական գնումների համակարգի միջոցով: Պայմանագրային ծառայությունը ավարտած զինծառայողները պետք է ունենան առավելություն առողջապահության, սոցիալական սպասարկման, կրթության և այլ բնագավառներում պետական ֆինանսավորում ստանալու համար;
Հրամանտարական կազմի զտումը ըստ մասնագիտական պիտանելիության, այլ ոչ ըստ քաղաքական վերնախավի նկատմամբ բարեհուսության, և ավագ հրամանատարական կազմի թվաքանակի միաժամանակյա կտրուկ կրճատումը հանդիսանում են այս բարեփոխման կարևորագուն տարրերը: Բարձր բարոյական նորմերին համապատասխանող և պրոֆեսիոնալ սպայակազամը, որն ունի բարձր սոցիալական կարգավիճակ, հանդիսանալու է բարեփոխման հիմքը;
Պրոֆեսիոնալ զինծառայողի համար բացի զինվորականից այլ գործունեությամբ (տնտեսական, քաղաքական, հասարակական) զբաղվելու իրական արգելքը, որը ոչ միայն կբերի մյուս հիմնարար ինստիտուտների ձևախեղման նվազմանը, այլև կբարձրացնի բանակի մարտունակությունը;
Զինված ուժերը, լինելով փակ համակարգ, պետք է մշտական հսկողության առարկա լինեն հասարակության կողմից, ներառյալ պետական հսկողության համակարգը, հասարակական կազմակերպությունները և այլն;
Պահուստային ծառայության համակարգում պետք է առանց բացառության ընդգրկված լինի Հայաստանի զինապարտության տարիքի արական սեռի ամբողջ բնակչությունը, որը պետք է անցնի ամենամյա պարբերական ուսուցում վերապատրաստման տարածքային կենտրոններում և նախօրոք սահմանված որոշակի ժամանակահատվածում, հնարավորություն ունենալով չկտրվել տնից և ընտանիքից, և որը, համաձայն հաստատված զորահավաքային պլանի, կարող է անհրաժեշտության դեպքում համալրել պրոֆեսիոնալ բանակը:
Զինված ուժերի վերակառուցման վերը առաջարկված մոտեցումները կարիք ունեն ավելի մանրամասն մշակման, սակայն թույլ են տալիս նախանշել բարեփոխման հիմնական ուղղությունները, որոնք հիմնված են հետևյալ սկզբունքի վրա. երկրի պաշտպանության ապահովումը հանդիսանում է պետության կարևորագույն գործառույթը և նրա արդյունավետ իրականացումից է կախված երկրի զարգացումը:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հասարակական կարգի պահպանությունը նույնպես պետության մենաշնորհային գործառույթներից է, որի վրա մեծապես տարածվում են երկրի պաշտպանության համակարգի խնդիրները: Միևնույն ժամանակ, ի տարբերություն պաշտպանության, որը արտաքին ուղղվածություն ունի, հասարակական կարգի պահպանությունը ուղղված է ներքին ինստիտուտների գործունեության ապահովմանը` սեփականության իրավունք, պայմանագրերի իրականացում, հավասար հնարավորությունների իրավունք և այլն:
Հենց նշված իրավունքները, ինչպես նաև մարդու և քաղաքացու մյուս իրավունքները և ազատությունները, պետք է լինեն պահպանության առարկան, քանի որ այդ իրավունքներն են կազմավորում հասարակական կարգը: Մյուս կողմից, պետության կողմից հասարակական կարգի պահպանության գործառույթն է ներկայումս հանդիսանում վերոհիշյալ իրավունքների խախտման ամենալուրջ աղբյուրը և բերում է հիմնարար ինստիտուտների ձևախեղմանը: Ելնելով դրանից, պետության ռեպրեսիվ ապարատը, որն անցման շրջանում գործնականում որևէ փոփոխություն չի կրել և հանդիսանում է խորհրդային ամբողջատիրական համակարգի ամենավառ մնացուկը, պետք է հիմնովին բարեփոխվի, ինչը վճռական դեր կունենա երկրի զարգացման ապահովման գործում:
Այս առավել "հիվանդ" ինստիտուտի բարեփոխման համար, մեր կարծիքով, հիմնական սկզբունքը հետևյալն է. հրաժարվել պետության պաշտպանությունից հօգուտ հասարակության շահերի պաշտպանության: Հենց այս սկզբունքի հետ է կապված հիմնական ռեպրեսիվ գործառույթների փոխանցման անհրաժեշտությունը տեղական ինքնակառավարման մարմիններին, այնպիսի առանձնահատուկ ստորաբաժանումների լուծարումը, ինչպիսիք են օրինակ պետավտոտեսչությունը, տրանսպորտային ոստիկանությունը, ինչպես նաև ռեպրեսիվ ապարատի նկատմամբ հասարակական հսկողության իրական համակարգի արմատավորումը:
Բոլորի հավասարությունը օրենքի առջև, պատժի անխուսափելիությունը, անկախ իրավախախտման չափից, պետք է դառնա այս բարեփոխման հիմնական սկզբունքը: Հասարակական կարգի պահպանության համակարգի գործունեության արդյունավետության կտրուկ բարձրացումը կարևորագույն խնդիրներից է: Դա պետք է իրականացվի անձնակազմի թվի կրճատման` ապարատի պրոֆեսիոնալիզմի միաժամանակյա բարձրացմամբ, տեխնիկական հագեցման ու խրախուսանքի համակարգի բարելավման, խորհրդային ժամանակից ժառանգություն մնացած և իներցիայով շարունակվող հսկայական քանակությամբ գործառույթներից հրաժարման արդյունքում: Այս գործառույթների թվում առաջին հերթին պետք է հրաժարվել մարդկանց գրանցման ինստիտուտից, զանազան տեխնիկական հսկողությունների իրականացումից և թաղային տեսուչների ինստիտուտից, ինչը կարող է ապահովել բարեփոխումների հաջողությունը: Այս բնագավառում իրականացվող բարեփոխումների արդյունքում է, որ հասարակությունը կարող է մեծապես գնահատել հիմնարար ինստիտուտներից մեկի` հավասար հնարավորությունների իրավունքի, կայացման հաջողությունը:
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Պետության մենաշնորհային գործառույթներից մեկն է նաև ազգային անվտանգության ապահովումը, հետևաբար տվյալ գործառույթը պետք է գտնվի պետության և հասարակության հատուկ հսկողության ներքո:
Առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել ազգային անվտանգության համակարգի նպատակների և մեթոդների թափանցիկությունը և ստեղծել նրանց հսկողության արդյունավետ համակարգ:
Երկրորդ, պետք է ապահովել ինստիտուցիոնալ համակարգում զսպումների և հակակշիռների համակարգը, իրական արդյունավետությունը ապահովելու համար. օրինակ, դա օպերատիվ միջոցառումների ժամանակ դատական վճիռների պարտադիր լինելը:
Ազգային անվտանգության համակարգը, իր ներկայիս ձևով լինելով տոտալիտար ժամանակահատվածից մնացած ժառանգություն, ինչպես հասարակական կարգի պահպանության համակարգն է, պետք է բարեփոխվի հետևյալ սկզբունքով` հրաժարվել պետության սպասարկումից հօգուտ հասարակության սպասարկման:
ՀՀ ազգային անվտանգությունը պետության« քաղաքացիների համար ցանկացած տեսակի սպառնալիքներից ու վտանգներից զերծ երկրի ներքին ու արտաքին միջավայրերում լիարժեք գործելու ազատությունն է« որի ապահովման նպատակով անհրաժեշտ է ձևավորել անվտանգության գործուն ու ճկուն համակարգ£ Ազգային անվտանգության խնդիրները պետք է համահունչ լինեն պետությանըª լիարժեք ինքնիշխանություն« հասարակությանը և քաղաքացուն ազատության բարձրագույն աստիճան ու իրավունքների ապահովվածություն սկզբունքին:
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԻԱԿ-ը գտնում է, որ Հայաստանի Հարնապետությունը պետք է ունենա արտաքին քաղաքականության երկարաժամկետ այնպիսի հայեցակարգ, որը թույլ կտա վարել ճկուն և պրոակտիվ արտաքին քաղաքականություն, նախանձախնդրորեն հետամուտ լինելով ազգային շահերի պաշտպանությանը գլոբալ, եվրոպական և տարածաշրջանային բոլոր խնդիրներում: Այդ առումով, Հայաստանի Հանրապետությունը պետք է ոչ միայն արձագանքի տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներին, այլև պարբերաբար հանդես գա մեր ազգային շահերից բխող արտաքին քաղաքական նախաձեռնություններով իր անմիջական հարևանների, տարածաշրջանային և համաշխարհային տերությունների հետ հարաբերություններում, ինչպես նաև միջազգային զանազան կազմակերպությունների շրջանակներում:
ՀՀ արտաքին քաղաքականությունը որևէ պարագայում չպետք է հարցականի տակ դնի Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը£ Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը անխախտելի հիմնադրույթ է բոլոր երկրների և կազմակերպությունների հետ մեր հարաբերություններում:
ՀՀ արտաքին քաղաքականության մեջ մեր առաջնահերթություններն են.
Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցությունը, որպես արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղություն: Այս առումով մեզ համար կարևոր է ոչ այնքան Եվրամիությանն անդամակցության փաստը, որքան եվրոպական արժեքների լիարժեք հաղթանակը Հայաստանում, վերջինիս կողմից Եվրոպական Միության անդամության թեկնածուներին առաջադրվող հիմնական պահանջների բավարարումը կարճաժամկետ հեռանկարում, փաստացի անդամագրման միջնաժամկետ հեռանկարով:
Արցախի հարցի հայանպաստ լուծումը` հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: Արցախյան խնդրի կարգավորումը պետք է բացառի ԼՂՀ-ի ենթակայությունը Ադրբեջանին, ապահովի հուսալի ցամաքային կապը Հայաստանի և Արցախի միջև, և որևէ պարագայում չպետք է խախտի ՀՀ ինքնիշխանությունը իր սեփական տարածքների նկատմամբ: Հայաստանում և Արցախում ժողովրդավարության անշրջելի հաղթանակը Արցախի հարցի հայանպաստ լուծման կարևորագույն տարրերից է:
Հայաստանի բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը: Մինչև Արցախի հարցի կարգավորումը, Հայաստանը պետք է փորձի հնարավորինս ակտիվացնել պաշտոնական և ոչ-պաշտոնական շփումները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, խրախուսելով հատկապես ժողովրդական դիվանագիտության խողովակները: Վրաստանի հետ Հայաստանը պետք է ձգտի հաստատել դաշնակցայինին մոտ հարաբերություններ, ինչը հնարավորություն կտա լավագույնս պաշտպանել մեր ազգային շահերը ինչպես տարածաշրջանային գործերում, այնպես էլ Ջավախքի հայապահպանության խնդրի առումով;
հարաբերությունների հետագա զարգացումը ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներում;
փոխշահավետ համագործակցությունը եւ հարաբերությունների խորացումը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ;
Եվրոպական երկրների հետ անհատական հարաբերությունների զարգացումը. առաջին հերթին խորացնելով ավանդական հարաբերությունները Ֆրանսիայի հետ և լրջորեն զարգացնելով համագործակցությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նաև Եվրամիության անդամ այլ երկրների հետ;
Հարևան Իրանի, արաբական աշխարհի և Իսրայելի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը;
բազմաբնույթ հարաբերությունները հայկական սփյուռք ունեցող բոլոր երկրների հետ:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական հասարակությունը, ըստ իր դասական սահմանման, պետությունից անկախ գործող ինստիտուտներն են` հասարակական միավորումները, տեղական ինքնակառավարման մարմինները, զանգվածային լրատվության միջոցները, արհետսակցական միությունները, ակումբները և նույնիսկ մասնավոր գործարարության կառույցները:
Ժամանակակից ժողովրդավարությունն անբաժանելի է անկախ և ազդեցիկ քաղաքացիական հասարակությունից: Պետության և հասարակության հավասարակշիռ ու ներդաշնակ փոխազդեցությունը պահանջում է պետությունից քաղաքացիական հասարակության տարանջատում հանուն այդպիսի հասարակության ձևավորման և իշխանության գործունեության նկատմամբ նրա վերահսկողության սահմանման£ Միաժամանակ այն հասարակությանն ու անհատին պետության կողմից իրականացվող իրավախախտումներից պաշտպանելու հուսալի երաշխիք է£
Այս առումով Հայաստանում լրջագույն բարեփոխումների պետք է ենթարկել պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների ամբողջ իրավական դաշտը: Բարեփոխումների առանցքն է լինելու քաղաքացիական հասարակության ինստիտուտների պետությունից առավելագույն անկախության ապահովումը, որն ինքնին լուրջ ազդակ կհանդիսանա քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման և արագ զարգացման համար: Այս համատեքստում հիմնական քայլերն են լինելու.
Ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական և ֆինանսական անկախությունը, այսինքն բացառել ինչպես կառավարության, այնպես էլ ցանկացած այլ մարմնի կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին պաշտոնանկ անելու իրավունքը և իրականացնել ապակենտրոնացման գործընթաց, համայնքներին փոխանցելով տեղական նշանակության հիմնական լիազորությունները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները;
Հասարակական միավորումների և արհետսակցական միությունների պետական գրանցման վերացումը: Այս կառույցներն իրենք են հայտարարում իրենց հիմնադրման, գործունեության և լուծարման մասին: Պետությունը կարող է միջամտել նրանց գործունեությանը միայն նրանց կողմից քրեական օրենսդրության խախտման պարագայում: ԶԼՄ-ները, հասարակական միավորումները և արհետսակցական միությունները իրավաբանական անձի կարգավիճակ են ձեռք բերում իրենց ցանկությամբ հարկային մարմիններում հաշվառվելու դեպքում;
Մասնավոր բիզնեսի պետական գրանցման և լուծարման հետ կապված իրավական դաշտի առավելագույն պարզեցում: Ընկերությունների գրանցումը չի կաչող տևել ավելի քան 2 աշխատանքային օր: Ընկերությունների լուծարումը, եթե չկան քրեական օրենսդրության խախտման հետ կապված խնդիրներ կամ շահագրգիռ անձանց միջև վեճեր, տևում է ոչ ավել քան մեկ շաբաթ: Անհրաժեշտ է մշակել և փուլային տարբերակով կարճ ժամկետում իրականացնել կլոր կնիքների ինստիտուտից (որպես իրավաբանական անձի կարգավիճակի բաղադրիչ և տնտեսվարման իրականացման պարտադիր տարր) հրաժարվելու ծրագիր: Իրավաբանական անձի գործունեության, իրավաբանական փաստաթղթերի օրինականությունն ապահովելու համար բավարար է ընկերության ղեկավարի գրանցված ստորագրությունը, այդ թվում էլեկտրոնային: Այս առումով անհրաժեշտ է իրականացնել երկրի Քաղաքացիական օրենսդրության լրջագույն բարեփոխում:
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Տվյալ գործառույթը հանդիսանում է այն հիմնարար ինստիտուտը, որի արդյունավետությամբ է պայմանավորված ներքին և արտաքին ներդրումների անհրաժեշտ ծավալների ու մակարդակի ապահովումը, գործարար միջավայրի զարգացումը, տնտեսության տեխնոլոգիական վերազինումը, սուբյեկտների գլոբալ մրցունակության աճը և բազմաթիվ այլ հարցեր:
Այս ինստիտոտի բարեփոխումների իրականացման մեր հիմնական մոտեցումը հետևյալն է. գործունեության արդյունքում ստեղծված ցանկացած սեփականություն` նյութական և մտավոր, անձեռնմխելի է և պաշտպանվում է պետության կողմից: Ընդ որում, սեփականության իրավունքի խախտումը հավասարազոր է երկրի ազգային անվտանգության նկատմամբ ոտնձգության: Այս առումով է նաև անհրաժեշտ իրականացնել գործող օրենսդրության լայնածավալ բարեփոխում, ինչպես նաև բարեփոխել պետական վերահսկողության և հարկադրման ողջ համակարգը, ներառյալ հարկային, մաքսային, հասարակական կարգի պահպանման, վերահսկողական, դատական և այլ համակարգերը:
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Հայաստանը, տնտեսության անցումային իրավիճակում հայտնված բազմաթիվ այլ երկրների նման, բացի տնտեսության ժառանգական բազմաթիվ հիվանդություններից, հիվանդ է հասարակության մեջ վստահության բացակայությամբ կամ դրա խիստ ցածր մակարդակով: Դա արտահայտվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրինակ տնտեսվարող սուբյեկտների միջև կամ տնտեսվարող սուբյեկտների և պետական կառավարման համակարգի միջև հարաբերությունները: Նման պայմաններում հիմնարար անհրաժեշտություն է պայմանագրերի կատարման ապահովման այնպիսի արդյունավետ ինստիտուտների ձևավորումը, որոնց թվին են պատկանում, ինչպես հասարակության անդամների միջև կնքվող գրավոր կամ բանավոր պայմանագրերը, այնպես էլ հասարակության և պետության միջև կնքվող պայմանագրերը` օրենքները:
Պայմանագրերի կատարման գործող համակարգի բարեփոխումների հիմնական մոտեցումը հետևյալն է. ցանկացած պայմանագրի խախտումը անպայմանորեն պատժվում է պետության կողմից, ընդ որում, այս դեպքում ևս այն հավասարեցվում է երկրի ազգային անվտանգության նկատմամբ ոտնձգության, հատկապես երբ դա վերաբերում է պետության (պետական ապարատի) կողմից հասարակության նկատմամբ ստանձնած պարտավորությունների խախտմանը: Այս առումով անհրաժեշտ է ապահովել ու ամրապնդել դատական համակարգի անկախությունը և ոչ շահագրգիռ գործելակերպը, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների առաջանցիկ զարգացումը և գործող օրենսդրության վերանայումը` օրենսդրական նորմերի հնարավոր երկակի մեկնաբանումը բացառելու նպատակով:
ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Մեր երկրի փոքր ծավալները և արդյունավետ ֆորմալ ինստիտուտների բացակայությունը հանգեցրել են որոշակի հասարակական շերտի առաջացմանը, որը շնորհիվ ոչ ֆորմալ "խաղի կանոններն" իր համար արդյունավետ օգտագործելուն, այն է` պետական գործառույթների և լծակների գործադրմամբ մասնավոր առավելությունների ձեռք բերումը, սեփականության պաշտպանության այլընտրանքային համակարգի ստեղծումը, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ստեղծումը, հարկման այլընտրանքային համակարգի ստեղծումը և այլն, ձեռք է բերել լուրջ մրցակցային առավելություններ, որոնցից մտադիր չէ հրաժարվել:
Նման իրավիճակը, որը մեր կարծիքով մեծապես պայմանավորված էր տրանսֆորմացիոն ճգնաժամից դուրս գալու ժամանակահատվածում չաշխատող ինստիտուտների առկայությամբ, ներկա պայմաններում հանգեցնում է մեկ այլ հիմնարար ինստիտուտի, այն է` հավասար հնարավորությունների ինստիտուտի խաթարմանը, որն իր հերթին կարող է չեզոքացնել համակարգի բարեփոխումներին ուղղված ջանքերը: Գործող համակարգի բարեփոխման հիմնական մոտեցումը հավասար իրավունքների (մրցակցության) պաշտպանության դերի վերաիմաստավորորմն է որպես պետության կարևորգույն գործառույթ:
Ելնելով վերը նշվածից` անհրաժեշտ է իրականացնել երկրի օրենսդրության, հարկային և մաքսային, պետական գնումների և պետպատվերի, մրցակցության պաշտպանության համակարգերի համապատասխան լայնածավալ բարեփոխումներ: Ցանկացած պետական որոշում պետք է անցնի պարտադիր փորձաքննություն հավասար հնարավորությունների իրավունքի պաշտպանության առումով: Այս իրավունքի խախտումը նույնպես պետք է հավասարեցվի երկրի ազգային անվտանգության նկատմամբ ոտնձգության:
ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Մեր երկրում արմատավորված քաղաքական համակարգը, ինչպես նաև մի շարք ենթակառուցվածքային գործոններ, հանգեցրել են տնտեսական մենաշնորհների առաջացմանը, որոնց գործունեությունը նպաստում է վերոհիշյալ հիմնարար ինստիտուտների ձևախեղմանը:
Ելնելով վերը նշվածից մենք գտնում ենք, որ մենաշնորհային կարգավորումը հանդիսանում է պետության կարևորագույն գործառույթներից մեկը: Այդ առումով անհրաժեշտ է առաջնահերթ, առավելագույնս և հնարավորինս նվազեցնել մենաշնորհի կարգավիճակում հանդես եկող պետության դերը ոռոգման համակարգում, տրասպորտային ենթակառուցվածքներում, էներգետիկայում, մասնավորապես ատոմային, և ապահովել մրցակցային միջավայրի (շուկաների) ստեղծում այնտեղ, որտեղ դա հնարավոր է, ինչպես օրինակ երկաթուղային և ավիացիոն (օդային) փոխադրումների, կապի շարժական միջոցների, ինտերնետ ծառայությունների ոլորտներում:
Պետք է նաև առավելագույնս ապահովել մենաշնորհային սուբյեկտների գործունեության թափանցիկությունը` ծախսերի մակարդակը, ղեկավարների աշխատավարձը, եկամուտները, ներդրումային գործունեությունը, մատուցվող ծառայություններն ու գները, ինչպես նաև ներդնել նրանց գործունեության կարգավորման արդյունավետ համակարգ, որի հիմքում պետք է լինի ոչ միայն նրանց կողմից մատուցվող ծառայությունների գների կարգավորումը, այլև նրանց ներգործությունը հիմնարար ինստիտուտների արդյունավետության վրա:
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԵՎ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
Մեր կարծիքով կոռուպցիայի և ստվերային տնտեսության խնդիրները ֆորմալ ինստիտուտների անարդյունավետության հետևանքներ են: Ելնելով դրանից` այս խնդրի միակ լուծումն է հանդիսանում ինստիտուցիոնալ համակարգի կառավարման արդյունավետոթյան բարձրացումը:
Վերոշարադրյալ առաջարկները կբերեն այս խնդրի լուծմանը: Մենք համոզված ենք, որ հետևանքի, այլ ոչ պատճառի դեմ պայքարի փորձերը ձախողման են դատապարտված, իսկ Հայաստանի դեպքում` դրանք ոչ թե պայքար են, այլ պայքարի նմանակում:
ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հարկային քաղաքականության իրականացման ներկայիս ձևը նույնպես իրական ձևախեղումներ է առաջացնում հիմնարար ինստիտուտների գործունեության մեջ` պայմանագրերի կատարում, սեփականության իրավունքի, հավասար հնարավորությունների վերաբերյալ օրենքների կիրառում: Հայաստանի ներկա պայմաններում հենց հարկային քաղաքականությունն է հանդիսանում համակարգի ձևախեղման հիմնական տարրը և պահանջում է կտրուկ բարեփոխումների իրականացում: Հարկային համակարգի բարեփոխումների հիմքում ընկած սկզբունքը հետևյալն է. հարկային համակարգի ֆիսկալ դերը պետք է փոխարինվի ծառայություն մատուցողի դերով, որն իր հերթին կապահովի ֆորմալ ինստիտուտի` օրենքի պահանջների կատարումը:
Հարկերը պետք է գանձվեն ոչ թե բյուջեում եկամուտ ապահովելու համար, այլ այն պատճառով, որ այդպիսին են խաղի կանոնները, դրանք հավասար են բոլորի համար, ուստի բոլորն էլ պետք է ենթարկվեն այդ կանոններին: Անհրաժեշտ է հրաժարվել բյուջեի, որպես անմիջական կառավարման համակարգի, հարկային եկամուտների պլանավորումից, փոխարենը իրականացնելով ինդիկատիվ պլանավորում, որը հանդիսանում է տնտեսվարող սուբյեկտի գործունեության կանխատեսման արդյունքը: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել հարկային համակարգի առավելագույն պարզությունը և հավասարազորությունը բոլոր սուբյեկտների նկատմամբ` իրագործման առավելագույն թափանցիկություն, հարկատուի անմեղության սկզբունքի ապահովում և օրինախախտների նկատմամբ պատժի սահմանում. հարկերի չվճարումը դիտվում է որպես կատարված քրեական հանցագործություն:
Այս համատեքստում հարկավոր է իրականացնել լայնածավալ հարկային համաներում հետևյալ սկզբունքով. սեփականության և իրավունքների հայտարարագիրը հանում է անցյալում չվճարած հարկերի դիմաց ունեցած պատասխանատվությունը, ընդ որում հայտարարգրումը պարտադիր է բոլորի համար: Անհրաժեշտ է նաև լիովին վերանայել հարկային վարչարարության համակարգը. հարկ գանձողից` գործընկեր:
ՄԱՔՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև ներքին շուկայի ծավալները, առաջարկում ենք լիովին հրաժարվել ցանկացած տիպի մաքսային տուրքերից որպես մաքսային քաղաքականության իրականացման գործիք:
Մի կողմից այս որոշումը կտրուկ կնվազեցնի մաքսային քաղաքականության դերը հիմնարար ինստիտուների ձևախեղման գործում, մյուս կողմից շուկայական սահմանների բացումը կխթանի ներքին շուկայի մրցակցության աճը, որի արդյունքը կլինի տնտեսվարող սուբյեկտների գլոբալ մրցունակության աճը: Հարկավոր է առավելագույնս պարզեցնել մաքսային վարչարարության մնացած բոլոր գործառույթները, ինչպես նաև ապահովել թափանցիկությունը` դրանց դեֆորմացիոն դերը կտրուկ նվազեցնելու համար:
ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դրամավարկային քաղաքականության իրականացումը ենթադրում է ինստիտուցիոնալ համակարգի բավարար զարգացում, որը Հայաստանում ներկայումս գտնվում է սաղմնային վիճակում. որոշումների ընդունման համակարգը, ֆինանսական շուկայի զարգացած ինստիտուտները և այլն: Մյուս կողմից, Հայաստանի տնտեսության ծավալները ենթադրում են նրա օբյեկտիվ կախվածությունը գլոբալ ֆինանսական համակարգից: Մեր կարծիքով, նման պայմաններում անկախ և արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացումը Հայաստանում օբյեկտիվորեն անհնար է:
Ելնելով դրանից` առաջարկում ենք հրաժարվել դրամավարկային քաղաքականությունից և հիմնել այսպես կոչված "Արտարժութային Խորհուրդ"` մի մեխանիզմ, որով ապահովվում է դրամական բազայի ավտոմատ կարգավորումը, կախված արտաքին ռեզերվներից, ըստ հաստատագրված փոխարժեքի (համաձայն արտարժույթի զամբյուղի կամ որևէ հիմնական արտարժույթի): Նման համակարգը առաջին հերթին թույլ կտա բացառել տնտեսության մեջ արտարժութային ռիսկերը, երկրորդ` կբարելավի բիզնեսի վարումը ներքին և արտաքին ներդնողների համար, երրորդ` թույլ կտա խուսափել ֆինանսական շուկայի ձևախեղումներից, որոնք առաջանում են նրա ինստիտուտների թերզարգացման պատճառով:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Հայսաստանի ողջ տնտեսության զարգացման և կայուն տնտեսական աճի ապահովման վրա բացասական ներգործություն է ունենում և լուրջ խնդիրներից է ոչ այնքան հասարակության աղքատության մակարդակը, որքան հասարակության ներսում օրեցօր աճող անհավասարությունը, որն արդյունքում հանգեցնում է հավասար մեկնարկային հնարավորությունների սկզբունքի խախտմանը:
Այս կարևորագույն հիմնախնդրի հանգուցալուծումը պետք է և ճիշտ է դիտարկել ոչ թէ սոցիալական հավասարության սկզբունքի դիրքերից և տեսանկյունից, այլ հավասար հնարավորությունների ապահովման հիմնարար սկզբունքի տեսանկյունից: Հենց այդ հիմնախնդրի լուծմանը պետք է նպատակաուղղված լինի առաջնահերթ սոցիալական արդյունավետ քաղաքականության իրականացումը:
Մյուս կողմից, ինստիտուցիոնալ թույլ պետության առկայության պայմաններում նման քաղաքականության իրականացումը պետական մեխանիզմների միջոցով, մեր կարծիքով, կլինի քիչ արդյունավետ, եթե ոչ` անարդյունավետ: Դեռ ավելին, նման պայմաններում նշված մեխանիզմի կիրառումը, չնպաստելով այս խնդրի լուծմանը, կհանգեցնի նաև ողջ ինստիտուցիոնալ համակարգի նկատելի, լրացուցիչ ձևախեղման:
Տվյալ խնդրի լուծման մեր մոտեցումները ենթադրում են սոցիալական քաղաքականության և առողջապահության մեջ ոչ-պետական մեխանիզմների առավելագույն ներգրավումը` համաձայն սահմանված կարգի և պետական հսկողության ներքո: Մասնավորապես, տվյալ մոտեցման իրագործման շրջանակներում ներկայանում է անհրաժեշտություն հրաժարվել սոցիալական նպաստների համակարգից, առողջապահության ֆինանսավորումից (անվճար բուժսպասարկումից) հօգուտ բժշկական ապահովագրության, իրականացնել կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ հօգուտ կյանքի ապահովագրության կուտակային համակարգի և այլն:
Հասարակության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի անձամբ տնօրինել և կառավարել սեփական բարեկեցությունը: Ընդ որում, պետական միջոցների օգտագործումը պետք է իրականացվի պետպատվերի մեխանիզմերով, նախօրոք սահմանված կանոններով և պայմաններով, շուկայական մրցակցային եղանակով և թափանցիկ:
Նույն սկզբունքով պետք է իրականացվի նաև առողջապահության ֆինանսավորումը: Առողջապահությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսության կայուն աճի ապահովման այն կարևորագույն գործոններից մեկը, որում շուկայական մեխանիզմների հնարավորինս լայն և համալիր ներդրումը մեծագույն չափով կնպաստի ոլորտի արդյունավետ գործունեության ապահովմանը:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՄՇԱԿՈՒՅԹ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Ներկա պայմաններում կրթության, գիտության և մշակույթի ոլորտում տարվող քաղաքականութունը ևս հանդիպում է համակարգի ինստիտուցիոնալ անկատարության խնդրին և որպես հետևանք իրականացվող քաղաքականությունը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետության մակարդակ: Տվյալ ոլորտում բարեփոխումների իրականացման հիմնական մոտեցումը պետք է լինի հրաժարվելը իներցիոն ֆինանսավորման մնացորդային եղանակից պետպատվերի մեխանիզմերի միջոցով հոգուտ սպառողների, այլ ոչ թե ծառայություն մատուցողների ֆինանսավորման: Մասնվորապես, մրցակցային պայմաններով պետական միջոցների տնօրինման իրավունքի ձեռք բերումը կապահովի միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը: Օրինակ, կրթության ոլորտում մրցակցային պայմաններում անցումը ըստ արդյունքի ֆինանսավորմանը, բոլոր (անկախ սեփականության ձևից) կրթական հիմնարկների մուտքը դեպի պետական աղբյուրներ` պետպատվերի տեղաբաշխումը մրցակցային աճուրդների (տենդերների) միջոցով կամ սպառողներին, այլ ոչ ծառայություն մատուցողներին, պետական գրանտներ հատկացնելու միջոցով, կբերի ինչպես կրթության որակի շեշտակի աճի, այնպես էլ միջոցների ծախսման առավելագույն արդյունավետության:
Պետության կողմից ֆինանսավորվող և անվճար համարվող ուսուցումից վճարովիին անցնելը կդառնա կրթական համակարգի հիմնական բարեփոխումը: Մեր կարծիքով, առողջ մրցակցային միջավայրի ձևավորումը կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության ոլորտներում ի վիճակի է բարձրացնել կրթական, գիտական և մշակութային հիմնարկների գլոբալ մրցունակությունը, որը հանդիսանում է կայուն զարգացման կարևորագույն գործոնը:
Մշակույթի ոլորտում տարվելիք քաղաքականության առումով առաջնահերթ խնդիրներից է օրենսդրական համապատասխան դաշտի ձևավորման և գործնական քայլերի միջոցով ազգային մշակույթի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը£ Սակայն մշակույթի ոլորտում նույնպես պետությունը պետք է կենտրոնանա միայն այն խնդիրների լուծման վրա, որոնք այլ մեխանիզմներով դեռևս անհնարին է իրականացնել: Այս առումով անհրաժեշտ է.
մշակել և տարբեր խողովակներով իրականացնել հայկական մշակույթի պահպանմանը« զարգացմանն ու համաշխարհային մակարդակով քարոզմանն ուղղված համալիր ծրագրեր;
պետական տենդերներով և հասարակական կազմակերպությունների միջոցով ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող զբաղմունքի կենտրոններ, հատկապես երիտասարդության համար, Հայաստանի բոլոր բնակավայրերում և ապահովել դրանց լիարժեք գործունեությունը;
նկատի ունենալով հայկական գրահրատարակչության ցածր շահութաբերությունը գրահրատարակչությամբ զբաղվող ընկերությունների համար սահմանել հարկային արտոնություններ;
հայկական հուշարձանների և մշակութային այլ արժեքների պահպանմանն ու վերականգնմանն ուղղված համապարփակ ծրագրի իրականացում ինչպես Հայսատանի տարածքում, այնպես էլ բոլոր այն երկրներում որտեղ այդպիսի արժեքներ գոյություն ունեն;
Հայոց լեզվի, որպես մեր երկրի պետական լեզվի« լայն ու միանշանակ կիրառության լիարժեք արմատավորումը£ Լեզվի Պետական Տեսչության լիազորությունների և գործառույթների ընդլայնումը, վերջինիս աշխատանքը ՀՀ "Լեզվի Մասին" օրենքի կիրառման ուղղությամբ արդյունավետ դարձնելու նպատակով:
ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԸ
Գլոբալ շուկայում Սփյուռքը հանդիսանում է Հայաստանի հիմնական մրցակցային առավելությունը, որը ենթադրում է ունեցած ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը: Այնուամենայնիվ հարկավոր է գիտակցել, որ Սփյուռքի հիմնական ներուժը կենտրոնացած է ոչ թե ներդրումների ոլորտում (կապիտալը ազգություն չի ճանաչում), այլ մարդկային կապիտալի ոլորտում:
Այսպիսով անհրաժեշտ է կտրուկ փոխել Սփյուռքը որպես ֆինանսական ռեսուրս դիտարկելու մոտեցումը. Սփյուռքը Հայաստանի համար ոչ թե կապիտալ է, այլ գիտելիքների աղբյուր: Այս առումով մասնավորապես անհրաժեշտ է ապահովել սփյուռքահայերի առավելագույն ընդգրկումը Հայաստանի կրթական խնդիրների լուծման գործում, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում` ապահովելով պետական կառավարման համակարգում սփյուռքահայերի ներգրավումը, օրինակ պետպատվերների, դրամաշնորհների հարցերով համակարգի առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով և որպես փորձագետներ սփյուռքահայերի ներգրավումը տնտեսվարող սուբյեկտներում:
Հենց այսպիսի քաղաքականությունը մեր կարծիքով թույլ կտա ապահովել Սփյուռքի ունեցած ներուժի լիարժեք օգտագործումը, այդպիսով առավելագույնի հասցնելով Հայաստանի մրցունակության այս կարևորագույն գործոնի արդյունավետությունը, ինչպես նաև իրական նախապայմաններ կստեղծի հայ ժողովրդի երկու հատվածների հետագա ինտեգրման համար: